Մեղրի օգտակար հատկությունները. հետաքրքիր փաստեր

Մեղր
Մեղրը մի շարք օգտակար հատկություններ ունի, բայց երբեմն կարող է նաև վտանգավոր լինել։ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում մեղրի մասին։
Sputnik
Մեղվի պատրաստած մեղրը մասամբ մեղրատու մեղվի խպիպում մարսած նեկտարն է։
Մեղրը վիտամինների և հանքանյութերի հարուստ աղբյուր է։ Պարունակում է В, К, Е, С խմբի բոլոր վիտամինները և А պրովիտամին։ Քանի որ վիտամինները բնական հանքային աղերի և բիոգեն ամինների միացություն են, դրանք ավելի օգտակար են, քան սինթետիկ փոխարինիչները։
Մեղրի օգտակար հատկությունները
Մեղրը նախևառաջ օգտակար է իր հակաբակտերիալ և հակավիրուսային հատկության շնորհիվ։
Նեկտարը մեծ թվով կալիում է պարունակում, որը բակտերիաների դեմ հիմնական պայքարող միջոցն է։ Բացի այդ, մեղրը պահպանում է պղնձի և երկաթի բարձր կոնցենտրացիան, ինչն օգնում է բուժել անեմիան և բարձրացնել հեմոգլոբինը։
Մեղրը կազդուրող միջոց է, էներգիա է հաղորդում օրգանիզմին, վերականգնում ուժերը։ Նպաստում է իմունիտետի բարձրացմանը, օգնում է հաղթահարել մրսածությունը։ Հնում մեղրն օգտագործում էին վերքերը բուժելու համար, քանի որ այն ախտահանիչ հատկությամբ է օժտված։ Օրական մեկ գդալ մեղրը կկանխի մրսածությունը, սրտանոթային և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։
Մեղրն օգնում է ազատվել լարվածությունից և անքնությունից։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ուտել նույնիսկ քնելուց առաջ։
Օրգանիզմը շատ արագ է յուրացնում բնական մեղրը` բարելավելով մարսողության գործընթացը։ Իսկ կիտրոնի և կոճապղպեղի համադրությամբ այն լավ միջոց է ստամոքսի աշխատանքը կարգավորելու համար։
Ամենաօգտակար չրերը. ինչպես են դրանք ազդում մարդու օրգանիզմի վրա
Մեղրի օգտակար հատկությունները կոսմետոլոգիայում
Մաշկի և մազերի վիճակը բարելավելու հատկությունների շնորհիվ մեղրը լայն կիրառում է գտել կոսմետոլոգիայում։
Մասնագետները մեղրով պարուրելու պրոցեդուրաներ են անցկացնում, լվացվելու միջոցներ ու շամպուններ արտադրում մեղրի պարունակությամբ։ Դրանք օգնում են, որ մաշկը պահպանի թավշյա և առողջ տեսքը, իսկ մազերն ավելի փայլուն և ամուր դառնան։
Այս բոլոր դրական հատկություններից բացի, պետք է իմանալ, որ մեղրը կարող է կարիեսի զարգացման պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով մեղր ուտելուց հետո պետք է ողողել բերանի խոռոչը։
Սխտորի հայտնի ու անհայտ օգտակար հատկությունները. երբ չի կարելի այն կիրառել
Ո՞ւմ համար է վնասակար մեղրը
Որոշ մարդկանց արգելված է մեղր ուտել։ Հիմնական բացասական հետևանքներից է ալերգիան։ Որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ եղնջացան, քոր, հարբուխ, գլխացավեր, աղիքային խանգարումներ։
Հղի կանանց և կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում մեղր ուտել` առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Նույնիսկ եթե դուք երբեք ալերգիա չեք ունեցել, այն կարող է առաջանալ երեխայի մոտ։ Բժիշկների խորհրդին պետք է հետևեն նաև շաքարախտով, պանկրեատիտով հիվանդները և ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդիկ։
Մեղրի մեկ այլ բացասական հետևանք կարող է լինել կուպերոզը, որի ժամանակ վնասվում և լայնանում են մազանոթները։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեղրն արագացնում է արյան շրջանառությունը և ծանրաբեռնում փխրուն անոթները։
Հետաքրքիր փաստեր
Մեղրը կարող է դարերով չփչանալ` միևնույն ժամանակ պահպանելով իր բոլոր օգտակար հատկությունները։
Աշխարհում ամենաշատ մեղրն արտադրվում է Չինաստանում։
50 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում մեղրը կորցնում է օգտակար հատկությունների հիմնական մասը։
Պապիրուսների վրա հայտնաբերած 900 բժշկական բաղադրատոմսերից կեսից ավելին մեղր են պարունակում` որպես բուժիչ միջոց։
«Մեղրամիս» հասկացությունը եկել է Նորվեգիայից, որտեղ նորապսակներն առաջին ամիսը պարտադիր պետք է մեղր ուտեին և մեղրի հիմքով ըմպելիքներ օգտագործեին։