Մարիուպոլի ուկրաինական իշխանությունը մարդասիրական միջանցքով տարհանում է հայտարարել քաղաքից

Ճանապարհային ցուցանակ
Մարիուպոլից տարհանումը տեղի կունենա երեք վայրերից ավտոբուսներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մարիուպոլի ուկրաինական իշխանությունը ռուսական կողմի հետ պայմանավորված ժամկետից մեկ օր անց քաղաքից տարհանում է հայտարարել: Տեղեկությունը հայտնում է Մարիուպոլի քաղխորհրդի Telegram-ալիքը։
«Դոնեցկի մարզային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի ղեկավարած համակարգող կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ մարտի 6-ին, ժամը 10:00-ից մինչև 21:00-ը լռության ռեժիմ կհաստատվի: 12:00-ից սկսվում է խաղաղ բնակչության տարհանումը», - նշված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինական իշխանությունը հայտնել է, որ Մարիուպոլից տարհանումը տեղի կունենա երեք վայրերից ավտոբուսներով։ Քաղաքից կարելի է դուրս գալ անձնական տրանսպորտով։
Հիշեցնենք՝ հումանիտար միջանցքներ ապահովելու մասին պայմանավորվածություն էին ձեռքբերել ռուսական և ուկրաինական կողմերը մարտի 3-ին՝ Բելառուսի Բրեստի մարզում ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլում։
Ըստ պայմանավորվածության՝ կողմերը համատեղ մարդասիրական միջանցքներ են ապահովում խաղաղ բնակչության տարհանման, դեղորայք և սնունդ հասցնելու համար։