ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել Ուկրաինայում «դադար տալ»

Անտոնիո Գուտերեշ. Արխիվային լուսանկար
Գուտերեշի խոսքով՝ դադարը թույլ կտա քաղաքացիական բնակչությանը հեռանալ Մարիուպոլից, Խարկովից ու Սումիից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի- Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում՝ քաղաքներից քաղաքացիական անձանց անվտանգ դուրս գալու, ինչպես նաև մարդասիրական մատակարարումներ կազմակերպելու համար: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Բացարձակապես անհրաժեշտ է դադարի հասնել Ուկրաինայում ռազմական գործողություններում, որ քաղաքացիական բնակչությանը կարողանա անվտանգ լքել Մարիուպոլը, Խարկովն ու Սումին, ինչպես նաև այլ վայրերը, որտեղ հակամարտություն է ընթանում, ու կենսականորեն կարևոր մարդասիրական մատակարարումներ ապահովել նրանց համար, ովքեր կմնան», - գրել է Գուտերեշը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Հավելենք նաև, որ հումանիտար միջանցքներ ապահովելու մասին պայմանավորվածություն էին ձեռքբերել ռուսական և ուկրաինական կողմերը մարտի 3-ին՝ Բելառուսի Բրեստի մարզում ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլում։ Ըստ պայմանավորվածության՝ կողմերը համատեղ մարդասիրական միջանցքներ են ապահովում խաղաղ բնակչության տարհանման, դեղորայք և սնունդ հասցնելու համար։