ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Դավիթ Գալստյան. Գյումրի-Կարս երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները կարժենան մոտ 17 մլն դոլար: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Գյումրի-Կարս երկաթգծի ՀՀ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի երկաթուղու վերագործարկումը հնարավոր կլինի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման դեպքում»,- նշված է գերատեսչության գրավոր պատասխանում։
Երկաթուղու հայաստանյան հատվածի երկարությունը կազմում է մոտ 21 կմ։ Նախնական հաշվարկներով՝ վերականգնման աշխատանքները կկազմեն մոտ 16,8 մլն ԱՄՆ դոլար։ Նախարարությունից ընդգծում են, որ նշված գումարը կարող է փոփոխվել նախագծահաշվարկային և հետազոտական աշխատանքների իրականացումից հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլիչի երկրորդ հանդիպումը: Ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։
Ավելի վաղ նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երասխ-Ջուլֆա (Ջուղա)-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման արժեքը Հայաստանի տարածքում կկազմի շուրջ 226 մլն դոլար:
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ՏԿԵ նախարարն էլ հայտնել էր, որ Հայաստան-Նախիջևան-Իրան ճանապարհահատվածը հնարավոր կլինի կառուցել մեկ տարվա ընթացքում։