Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալով կվերադառնա Բալկանյան երկրների առաջնությունից

Երիտասարդ ատլետն առաջին անգամ չի հաղթում այս մրցաշարում, նա մի շարք միջազգային մրցույթների ոսկե մեդալակիր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում: Տեղեկությունը նշված է Աղասյանի ինստագրամյան էջում։
Բալկանյան երկրների փակ մարզադահլիճներում անցկացվող առաջնության եռացատկի մրցաշարում Լևոն Աղասյանը գրանցել է 16 մետր 26 սմ արդյունք։ Այս արդյունքով նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Աղասյանից հետո համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:
Նշենք, որ Հայաստանն այստեղ ներկայացված էր 8 մարզիկով: Բալկանյանը երկրների առաջնությունն անցկացվում է 1929 թվականից: Առաջնությանն անդամակցում է 23 երկիր: Հայաստանն առաջին անգամ մասնակցել է 2013 թվականին:
Հավելենք, որ Լևոն Աղասյանը ծնվել է 1995 թվականի հունվարի 19-ին Կապանում։ Նա մի շարք միջազգային մրցույթների հաղթող է։ Ի դեպ, Բալկանյան երկրների առաջնությունում սա արդեն Աղասյանի երրորդ հաղթանակն է։
«Տոկիո-2020»-ում՝ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ատլետիկայի մրցաշարում Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր։