ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. American Express ընկերությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում ու Բելառուսում. ռուսաստանյան ու բելառուսական քարտերը չեն գործի արտերկրում, օտարերկրյա քարտերը՝ Ռուսաստանում ու Բելառուսում։
«Ուկրաինայի ժողովրդի դեմ Ռուսաստանի կողմից չհիմնավորված հարձակման ֆոնին American Express-ը դադարեցնում է բոլոր գործողությունները Ռուսաստանում։ Արդյունքում ամբողջ աշխարհում թողարկված American Express-ի քարտերը չեն գործի Ռուսաստանի խանութներում կամ բանկոմատներում։ Բացի այդ, Ռուսաստանում ռուսական բանկերի թողարկած քարտերը չեն գործի երկրի սահմաններից դուրս։ Մենք դադարեցնում ենք նաև բոլոր գործարքները Բելառուսում»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ էին արել Visa-ն ու Mastercard-ը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։