ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Առաջին պլաստիկ վիրահատությունը նախկինում առաջարկում էին անել 47 տարեկանում, սակայն կոսմետոլոգիայի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այդ ժամկետն ավելի քան 10 տարով երկարաձգվել է։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության ու Մոսկվայի դեպարտամենտի պլաստիկ վիրաբույժ, Պլաստիկ վերականգնողական ու էսթետիկ վիրաբույժների ռուսական միության նախագահ Նատալյա Մանտուրովան:
«Երբ ես օրդինատոր էի, մեր ուսուցիչներն ասում էին, որ ճիշտը 47 տարեկանում առաջին վիրահատությունն անելն է, եթե չհասցնես 47 տարեկանում վիրաբուժական շտկում անել, ապա դա այնքան էլ լավ չէ։ Հիմա մեր հրաշալի, հմուտ մասնագետների օգնությամբ, որոնք զբաղվում են մաշկի հարցերով, այդ ժամկետը 10 տարուց մի փոքր ավելի երկարաձգվել է», - ասել է Մանտուրովան։
Նա նշել է, որ գեղեցկությունը պահպանելու համար կանայք պետք է չմոռանան ամեն օր խնամել մաշկը, կոսմետոլոգի այցելել, զբաղվել սպորտով ու ճիշտ սնվել: Մանտուրովան ընդգծել է, որ կարևոր է նաև ճիշտ հոգեբանական տրամադրվածությունը, պետք է «հեռու մնալ տխուր ու վատ մտքերից», «աշխարհին սիրահարված աչքերով նայել»։