ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության մասին որոշումը ծանր է անվանել։ Նա այդ մասին ասել է ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանը փորձում էր Ուկրաինայի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
«Պետք էր թողնել, որ Դոնբասը ռուսերեն խոսի և ապրի, ինչպես ինքն է ուզում, բայց շրջափակում կազմակերպեցին»,– ավելացրել է Պուտինը:
ՌԴ նախագահը աբսուրդի թատրոն է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանը չէր պատրաստվում կատարել Մինսկի համաձայնագրերը. 2014 թվականից ի վեր Դոնբասում 13-14 հազար մարդ է սպանվել, Արևմուտքը դա չի նկատել։
«Ուկրաինայում ՌԴ զինվորականները պայքարում են ապագայի համար, այնտեղ ոչ թե մտացածին, այլ իրական սպառնալիք է»,– ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` հիմա Ուկրաինայի փողոցներում բռնում ու սպանում են այն մարդկանց, որոնք այլ կարծիք ունեն։
Ռազմական հատուկ գործողությանը մասնակցում են պրոֆեսիոնալ զինծառայողները, զորակոչիկներ չկան և չեն նախատեսվում։ Ուկրաինայում գրեթե ոչնչացվել է ամբողջ ռազմական ենթակառուցվածքը, համարյա ավարտվել է ՀՕՊ–ի չեզոքացումը
Նա նաև նշել է, որ չի պատրաստվում ռազմական կամ հատուկ դրություն մտցնել Ռուսաստանում։
Նախագահի խոսքով` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները համարժեք են պատերազմ հայտարարելուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։