ՌԴ ՊՆ–ն ներկայացրել է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության մանրամասները

Իգոր Կոնաշենկով
ՌԴ ՊՆ տվյալներով` վերջին մեկ օրում ռուսական ուժերի վերահսկողության տակ են անցել մի շարք բնակավայրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԴԺՀ ուժերը մեկ գիշերվա ընթացքում 27 կմ առաջ են շարժվել և վերահսկողության տակ վերցրել մի շարք բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուսական ուժերի վերահսկողության տակ են անցել Նովոգրիգորովկա, Նովոնիկոլաևկա, Վիշնևատոյե, Վոլնոյե, Լիստվյանկա և Անտոնովկա բնակավայրերը։
ԼԺՀ ուժերը ռուսական ԶՈւ-ի կրակային աջակցությամբ հասել են Բոգուսլավկա-Տելմախովկա-Կալինովկա գիծ:
Ռուսական ԶՈւ-ն վերջին օրվա ընթացքում վերահսկողության տակ է վերցրել Պրիոբրաժենկա, Կոմսոմոլսկոյե, Զագորնոյե, Դորոժնյանկա, Ռեշետիլովսկոյե, Կոնստանտինովկա, Շևչենկո, Չուբարևկա, Պրոլետարսկոյե և Լյուբիմովկա բնակավայրերը։
ԴԺՀ զինված ուժերը շարունակում են սեղմել օղակը Մարիուպոլի շրջակայքում, «Ազովի» և «Այդարի» զինյալները, դիրքավորվելով դպրոցներում, հիվանդանոցներում, ծննդատներում և մանկապարտեզներում, կրակում են ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների վրա։
Ռուս զինվորականները մեկ օրվա ընթացքում հեռահար ճշգրիտ զենքով ոչնչացրել են Ժիտոմիրի զորամասում գտնվող զինամթերքի պահեստը, որտեղ պահվում էին Javelin և NLAW հակատանկային հրթիռային համակարգեր։
Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է Ուկրաինայի 2037 ռազմական ենթակառուցվածք, այդ թվում՝ 71 հրամանատարական կետ և կապի կենտրոն, հակաօդային պաշտպանության Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա» 98 համակարգ, 61 ռադիոլոկացիոն կայան։
Ոչնչացվել է 66 օդանավ ցամաքում, 16 օդանավ` օդում, 708 տանկ և մարտական այլ զրահատեխնիկա, 74 բազմակի հրթիռային կայանք, 261 դաշտային հրետանի և ականանետ, 56 ԱԹՍ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։