ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. «Ազովի» գումարտակի զինյալները Մարիուպոլում տուն են պայթեցրել, փլատակների տակ է մնացել մոտ 200 մարդ, ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, դա տեղի է ունեցել Ռուսաստանի` «լռության ռեժիմի մասին» հայտարարությունից հետո։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մոսկվայի ժամանակով 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարել Ուկրաինայում։
Պուշիլինը նշել է, որ «Ազովի» զինյալները գործի են դրել ավելի վաղ տեղադրված պայթուցիկ սարքերը, ինչի հետևանքով տունը փլուզվել է։ Նկուղում փլատակների տակ է մնասցածների մեծ մասը կանայք ու երեխաներ են։
ԴԺՀ ղեկավարի խոսքով` անօդաչու թռչող սարքեր են ներգրավվել պարզելու համար, թե ինչ վիճակում է շենքը, ովքեր են այնտեղ գտնվում և ինչպես կարելի է նրանց օգնել։
Նա հավելել է, որ Մարիուպոլի վարչակազմը հայտարարել է դեպի Զապորոժիե հումանիտար միջանցք բացելու մասին, սակայն սադրանքների պատճառով ԴԺՀ իշխանությունների համար չափազանց խնդրահարույց է դրա համար պատասխանատվություն կրելը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։