ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Հայաստանում անչափահասների հանցագործությունների մակարդակը 2021թ.–ի ընթացքում 2020-ի համեմատ նվազել է։ Պարզվել է նաև, որ հատկապես անչափահասների մոտ դեռևս պահպանվում է կռփազենք և տարբեր սուր կտրող–ծակող իրեր պահելու սովորությունը։
Այս և այլ հարցերի մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վարդանյանի հետ։
Նրա խոսքով` 2021 թվականին Հայաստանում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 262, իսկ 2020–ին` 280 դեպք։ Նշված անչափահասների տարիքը հիմնականում տատանվում է 16-18 տարեկանի սահմանում։ Ի դեպ, 2021թ–ին հանցանք կատարած 262 հոգուց 19-ը անչափահաս աղջիկներ են, իսկ 2020 թվականին հանցագործություն կատարած անչափահաս աղջիկների թիվը 15-ն է եղել։
«Անչափահասների` և՛ աղջիկների, և՛ տղաների կողմից, հիմնականում կատարվում է գույքի հափշտակություն. գերակշռող մասը դա է։ Ատրճանակի կամ այլ նմանատիպ զենքի գործածություն չի լինում անչափահասների կողմից, սակայն մարմնական վնաս հասցնելու դեպքեր լինում են` ձեռքով, դանակով կամ այլ առարկաներով»,– նշեց Վարդանյանը։
Ոստիկանության գնդապետն ընդգծեց, որ 2021 թվականին ոստիկանության կողմից հայտնաբերվել է 19 սառը զենքի կրման դեպք, ինչը 2020 թվականի համեմատ 8-ով ավելի է։
Բայց նրա խոսքով`այդ դեպքերն ավելի շատ են, քանի որ ոստիկանության կողմից ավելի շատ աշխատանքներն են իրականացվել։
Հայտնաբերվել են նաև անչափահասների կողմից թմրանյութերի պահման դեպքեր16-18 տարեկանների մոտ։ Նմանատիպ 7 դեպք է արձանագրվել` պատանիների մոտ ոստիկանությունը հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Այլ տեսակի թմրանյութեր անչափահասների մոտ ոստիկանությունը, բարեբախտաբար, չի գտել։
«Թմրանյութի տարածման կանխարգելման հարցով դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում մենք կազմակերպել ենք զրույցներ, խոսել ենք դրանց վնասակարության մասին և բացատրական աշխատանքներ տարել։ Խոսել ենք նաև իրավական այլ թեմաներով` սառը զենքի օգտագործման, ճանապարհային երթևեկության կանոնների, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքներում իրականացվող հանցագործություններին և այլ հարցերի շուրջ»,– նշեց գնդապետը։
Երկաթուղիներում անչափահասները հիմնականում մալուխների գողություններ են կատարում կամ ռելսերի արանքում քարեր են դնում, որպեսզի տեսնեն` ի՞նչ կլինի, արդյոք կջարդվեն դրանք։
Անդրադառնալով մինչև 14 տարեկանների կողմից կատարած իրավախախտումներին` Վարդանյանը շեշտեց, որ անչափահասների գործերով ոստիկանության ծառայության աշխատակիցները բացատրական աշխատանքներ են տանում։ Այս տարիքի անչափահասները, քրեական օրենսգրքի համաձայն, չեն ենթարկվում քրեական պատժի, սակայն նրանց նկատմամբ հսկողություն իրականացվում է։
Հստակ որևէ պատճառ, թե ինչու են անչափահասները հանցանքներ գործում, ոստիկանության ծառայողը դժվարացավ առանձնացնել, քանի որ իրավիճակները մշտապես տարբեր են։ Նա ընդգծեց, որ հիմնականում տարիքն է «իրենը անում», որովհետև այդ ժամանակ նրանք ցանկանում են ինքնահաստատվել, որևէ մեկին ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել և այլն։ Հաճախ անչափահասներն արարքներ են գործում` չգիտակցելով, որ դրանք իրավախախտումներ են, հանցանք են։ Այս պարագայում ծնողները նույնպես պետք է շատ ուշադիր լինեն ու իրենք էլ մշտապես զավակների հետ զրույցներ ունենան, բացատրեն, թե այս կամ այն քայլն անելուց հետո ինչ խնդիրներ կամ ինչ հետևանքներ կարող են լինել։