«Աերոֆլոտը» մարտի 8-ից ժամանակավորապես դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերը

«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռ
Չեղարկումը վերաբերում է նաև «Ռոսիա» և «Ավրորա» ավիաընկերությունների չվացուցակում ընդգրկված միջազգային ուղղություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցնում է միջագային բոլոր թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ավիաիշխանությունները ավիափոխադրողներին խնդրել են մարտի 6–ից դադարեցնել թռիչքները արտերկիր, իսկ մարտի 8-ից փակել նաև միջազգային չվերթերը Ռուսաստանի ուղղությամբ: Մասնավորապես խոսքը վերաբերում է այն ինքնաթիռներին, որոնք գրանցված են օտարերկրյա ռեեստրներում` արտասահմանյան կազմակերպության հետ լիզինգային պայմանագրի շրջանակներում։
«Միջազգային չվերթերի իրականացումը ժամանակավորապես կասեցնելու պատճառը թռիչքների կատարմանը խանգարող լրացուցիչ հանգամանքներ են։ Չեղարկումը վերաբերում է նաև «Ռոսիա» և «Ավրորա» ավիաընկերությունների չվացուցակում ընդգրկված միջազգային ուղղություններին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ չեղարկված չվերթերի ուղևորները կարող են ավիատոմսի արժեքի ամբողջական վերադարձ ձևակերպել: Ավիաընկերությունը վստահեցնում է, որ կապահովի այն ուղևորների վերադարձը Ռուսաստան, որոնք թռիչքների դադարեցման պահին կլինեն արտասահմանում:
Միաժամանակ ավիաընկերությունը կշարունակի չվերթեր իրականացնել Ռուսաստանի ներսում, բացառություն կլինեն երկրի հարավային քաղաքները, քանի որ ժամանակավոր սահմանափակումներ են գործում: Շարունակվում են նաև Մինսկի (Բելառուս) ուղղությամբ թռիչքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիատոմսերի ամրագրման և վաճառքի խոշորագույն համակարգերը՝ ամերիկյան «Sabre»–ը և իսպանական «Amadeus»–ը, խզել են դիստրիբյուտորական համաձայնագրերը «Աերոֆլոտի» հետ:
«Ուրալյան ավիաուղիները» չեղարկել է ՀՀ–ի ու ևս մի քանի երկրների ուղղությամբ բոլոր չվերթերը