Ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակում Նորշենի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան

Նորշեն
Ադրբեջանը փորձում է համակարգված ձևով ահի ու տագնապի մթնոլորտ ձևավորել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակում Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի ուղղությամբ և շրջանը լքելու վերաբերյալ կոչեր անում բարձրախոսով։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների հաջորդ կանգառը Մարտունու շրջանի Նորշեն գյուղն է: Այս դեպքում ևս ադրբեջանցիները փորձում են խանգարել այս սեզոնին իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին և հոգեբանական ճնշումների ենթարկել շրջակա գյուղերի բնակիչներին։ Ադրբեջանական սադրանքները հիմնականում արտահայտվում են անկանոն կրակահերթերով և բարձրախոսով շրջանը լքելու վերաբերյալ կոչերով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Աբրահամյանը նշել է, որ տեղում ծառայություն են իրականացնում ռուս խաղաղապահները, որոնք փորձում են զսպել ադրբեջանական ագրեսիան։
«Չնայած այն հանգամանքին, որ Արցախում որոշակի իմունիտետ է ձևավորվում ադրբեջանական գործադրած հնարքների նկատմամբ, սակայն տեսանելի է, որ Ադրբեջանը փորձում է համակարգված ձևով ահի ու տագնապի մթնոլորտ ձևավորել»,– եզրափակել է պատգամավորը։
Օրեր առաջ ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում էին լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում էին, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։