ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ադրբեջանական «AZAL»–ն ու «Bora Airways» ավիաընկերությունները մարտի 6-ին, ժամը 08:00-ից դադարեցնում են բոլոր թռիչքները դեպի ՌԴ քաղաքներ: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով «AZAL» ավիաընկերությանը։
Միաժամանակ Ռոսավիացիայի առաջարկով անորոշ ժամանակով դադարեցվում են դեպի Ադրբեջան ռուսական ավիաընկերությունների չվերթերը։ Նշվում է, որ պատճառը միջազգային թռիչքների ժամանակ ծագող ռիսկերն են։
«Իրավիճակը պայմանավորված է նաև պատժամիջոցների հետ կապված ավիացիոն ապահովագրության և վերաապահովագրության միջազգային շուկայում վերջին փոփոխություններով։ Դրանք անդրադարձել են նաև Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի գործունեությանը», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընթացիկ իրավիճակում «AZAL»-ը և ապահովագրական ընկերությունները պետք է մանրամասն վերլուծեն իրադրությունը, գնահատեն բոլոր բացասական և դրական ազդեցությունները, ուսումնասիրեն իրենց քաղաքականության մեջ հնարավոր բոլոր փոփոխությունները։