Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է. Ուկրաինայի ԱԻՊԾ

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նշել է, որ հրդեհվել են ԱԷԿ–ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է, զոհեր կամ տուժածներ չկան, հայտնում է ԱԻ գծով Ուկրաինայի պետական ծառայությունը։
«Ժամը 06.20–ին (Երևանի ժամանակով` 08.20–ին) Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ–ի ուսումնամարզական կորպուսում բռնկած հրդեհը մարվել է։ Զոհեր և տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱԷԿ–ի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ կայանի տարածքում հրդեհ է բռնկել, ռադիացիոն ֆոնի փոփոխություններ չկան։ Կայանի տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերից ստացված կադրերի վրա ծուխ էր երևում։ Այնուհետև Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել Զապորոժիեի ԱԷԿ–ից դուրս, կայանում անջատվել է էներգաբլոկներից մեկը։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նշել էր, որ այրվում են ԱԷԿ–ի ուսումնամարզական համալիրի հինգհարկանի շենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերը։
Ուկրաինայի միջուկային և ռադիացիոն անվտանգության գլխավոր պետտեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Կորիկովը «Ռադա» հեռուստաալիքի եթերում պարզաբանել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում 7 միջուկային կայանք, 6 էներգաբլոկ և միջուկային պահեստարան է գտնվում։ Նրա խոսքով №1 էներգաբլոկը ավելի վաղ կանգնեցվել էր վերանորոգման նպատակով, №2 և №3 էներգաբլոկներն անվտանգ կանգնեցվել են, №4-ը շարունակում է աշխատել։ №5 և №6 էներգաբլոկները պահուստային են, դրանց ոչինչ չի սպառնում։ Էներգոդարի քաղաքապետը հայտնել է, որ բուն ԱԷԿ–ում հրդեհման մասին տվյալներ չկան։