ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանում դարձյալ սահմանափակվեց առցանց շահումով խաղերի ու խաղատների գովազդը։ ՀՀ կառավարության կողմից մշակված «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր խորհրդարանն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ։
Այժմ առցանց խաղեր կազմակերպող ընկերությունները կարող են իրենց գովազդները տեղադրել միայն իրենց կայքերում, գրասենյակներում, խաղասրահների առաջ կամ ներսում, ինչպես նաև Հայաստանի սահմանային անցակետերում ու 4 աստղանի և ավելի բարձր հյուրանոցներում:
Բացի այդ, խաղատան գովազդում արգելվում է փող, ոսկու ձուլակտոր և այլ արժույթ ցուցադրելը, ինչպես նաև ներկայացնել, թե մոլախաղին մասնակցելն ապահովում է մշտական և երաշխավորված եկամուտ, մասնագիտական հաջողություններ կամ հարգանք հասարակության մեջ:
Միևնույն ժամանակ, գովազդը պետք է պարունակի նախազգուշացում խաղացողների համար հնարավոր նյութական վնասի մասին և այդ միտքը պետք է շեշտվի ոչ նվազ, քան գովազդի մնացած հատվածը, քանի որ շատ դեպքերում այս հայտարարությունը գովազդներում նշվում էր փոքր շրիֆտով կամ ընթերցվում էր արագացված տեմպով` դժվարացնելով դրա ընկալումը։
Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունումից 6 ամիս անց։
Հիշեցնենք` մոլախաղի գովազդի սահմանափակումները ՀՀ–ում գործում էին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը։ Սակայն դրանից հետո առցանց կազինոների և խաղարկությունների համար բացառություն արվեց` թույլատրելով դրանց արտաքին գովազդը` գովազդային վահանակների վրա, ինտերնետում, հեռուստատեսությամբ և ռադիոյով:
Պարզելու համար, թե ինչպես է ազդել առցանց մոլախաղերի գովազդը հասարակության վրա, ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ից պահանջել էր այս բիզնեսի կազմակերպիչների՝ Vivaro Group (այժմ՝ Soft Construct), Digitaline, Kabarko և Good Soft-ի ֆինանսական հաշվետվությունները։
Պարզվել էր, որ 2018 թվականին խաղացողները 333 միլիարդ դրամի խաղադրույք են կատարել, իսկ 2020 թվականի 10 ամիսների ընթացքում` 1 տրիլիոն 547 միլիարդ դրամի։2018 –ին խաղացողների թիվը կազմել է ամսական միջինը 18 093 մարդ, իսկ 2020–ն` 44 082։