ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում։ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա ճիշտ որոշում էր, այն ժամանակ այս հարցի վերաբերյալ շատ երկար բանակցություններ են եղել ՆԱՏՕ–ում», – ասել է Շոլցը։ Կանցլերը հավելել է, որ այս հարցն այսօր էլ օրակարգում չկա։
2008 թվականին Բուխարեստում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ–ի երկրները հաստատել էին, որ Վրաստանը և Ուկրաինան իրավունք ունեն անդամակցել դաշինքին` հետաձգելով հարցի լուծումն անորոշ ժամանակով։ Անցած տարվա հունիսին ՆԱՏՕ–ի առաջնորդները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ աջակցեցին դաշինքին միանալու երկու երկրների իրավունքին։ Նրանք հայտարարեցին նաև բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չնշեցին այս երկրների` կազմակերպությանը անդամակցելու ժամկետները։
2014 թվականի դեկտեմբերին Ուկրաինան հրաժարվեց արտադաշինքային կարգավիճակից, այնուհետև Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ–ին և ՆԱՏՕ–ին միացման ուղղությունը։ Այժմ այդ երկիրն ընդլայնված հնարավորություններով ՆԱՏՕ–ի գործընկերոջ կարգավիճակ ունի, սակայն ձգում է լիարժեք անդամակցության։
Ռուսաստանը կտրականապես դեմ է դեպի արևելք դաշինքի հետագա ընդլայնմանը։ Սա Վաշինգտոնին և Բրյուսելին Մոսկվայի փոխանցած անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի գլխավոր պահանջն է։ Բացի այդ, ռուսական կողմը պնդում է, որ Արևմուտքը հրաժարվի հետխորհրդային երկրներում ռազմակայաններ ստեղծելուց, իր սահմանների մոտ հարվածային սպառազինություն տեղադրելուց և Արևելյան Եվրոպայում հետ քաշի ՆԱՏՕ–ի ուժերը 1997 թվականի դիրքերին։