ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թուրքիան ավարտել է TCG Anadolu (L-400) ունիվերսալ դեսանտային նավի արտադրությունն ու անցել դրա ծովային փորձարկումներին։ Ավիակիրը նախատեսված է տախտակամածից ամերիկյան AH-1W հարվածային ուղղաթիռների ու Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար:
Ինչպես նշում է Daily Sabah-ը, փորձարկումներն անցնելուց հետո 2022 թվականի վերջին նավով կհամալրվի թուրքական նավատորմը։ Ավելին` UDC Anadolu-ն կդառնա Թուրքիայի ռազմածովային նավատորմի դրոշակակիրը։
Նավը կառուցվել է իսպանական UDC Խուան Կառլոս I նավի հիմքի վրա: Նոր նավի գործարկմամբ տախտակամածային թռիչքների համար կիրառվող ամերիկյան AH-1W մարտական ուղղաթիռները կփոխարինեն թուրքական արտադրության ATAK-2 –երով։
Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, ապա այս տարվա փետրվարին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը հայտարարեց Bayraktar TB3 տախտակամածային ԱԹՍ–ի առաջին թռիչքի մասին։