ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հերթական նախագիծն է ներկայացրել և առաջարկել նոր արգելք սահմանել հանրային սննդի կետերի համար։ Ըստ նոր նախագծի` վերջիններին կարգելվի սեղաններին աղ դնել, եթե հաճախորդը չի պահանջել։
Նախարարությունն այսկերպ հոգում է բնակչության առողջության համար։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում հրապարակված նախագծի հիմնավորումներում նշվում է, որ աշխարհում առավել տարածված չորս հիվանդությունները` արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը և թոքերի քրոնիկ հիվանդությունները, պայմանավորված են նաև աղի չարաշահման գործոնով։
«Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած շեմը»,– նշվում է նախարարության ներկայացրած նախագծում։
Ուստի բնակչության շրջանում աղի օգտագործումը կրճատելու համար նախարարությունը որոշել է արգելել հասարակական սննդի հաստատությունների սեղաններին աղամաններ դնելը։
Նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30 000 դրամով։
Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում` ԱԺ դատին։
Օրինագծի հեղինակներն առաջարկում են այն կյանքի կոչել ընդունվելուց ու պաշտոնապես հրապարակվելուց 10 օր հետո։