«Պատժամիջոցային պատերազմը երկար կտևի». Լուկաշենկոն զրուցել է Պուտինի հետ

Ալեքսանդր Լուկաշենկո. Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Բելառուսը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողություններին չի մասնակցում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատում հանրապետական հանրաքվեի որոշումը ստորագրելիս, հայտնում է Sputnik Բելառուսը։
Նա ընդգծել է, որ առանձին ուժեր փորձում են հանրապետությանը ներքաշել Ուկրաինայում մարտական գործողություններում, սակայն բելոռուսները մտահոգվելու հիմքեր չպետք է ունենան։ Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրի զինված ուժերը պաշտպանում են պետական սահմանը Բրեստից մինչև Մոզիր, իսկ բանակը որևէ մասնակցություն Ռուսաստանի հատուկ գործողություններին չի ունեցել և «մտադիր չէ ունենալ»։
«Դրա անհրաժեշտությունը չկա... Սակայն ես ձեզ վստահ ասում եմ, ցանկալի է վերջին անգամ։ Երբեմն ցավալի է լինում ինձ, որ ես ամեն օր ստիպված եմ կրկնել ու համոզել, որ մենք այսպիսին ենք, լավն ենք, մեղմ ու փափուկ։ Մենք կշարունակենք լավը լինել, մենք որևէ տեղ չենք գնա, մենք պաշտպանելու ենք մեր հողը», – ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հայտնել է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու ժամանոց հեռախոսազրույց է ունեցել։
«Հիբրիդային այն պատերազմը, որը ծավալվել է Բելառուսի դեմ, հատկապես տնտեսության և ֆինանսների հարցում, պատժամիջոցային պատերազմը երկար կտևի։ Նրանք ճիրաններով մեզ բռնել են։ Ինչի մասին մենք այսօր երկու ժամ զրուցել ենք նախագահ Պուտինի հետ», – հայտարարել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։