Պատրաստ եմ աջակցել Ձեզ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

ՀՀ 4-րդ նախագահը շեշտել է, որ պատրաստ է իր հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից։
«Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ: Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին»,–ասել է Սարգսյանը:
Կարևորելով Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ Սարգսյանը շեշտել է, որ պատրաստ է աջակցել Խաչատուրյանին՝ իր հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։
Հիշեցնենք՝ մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեց Վահագն Խաչատուրյանին։
Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: