ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Պանամայի իշխանությունները հրաժարվել են պատժամիջոցներ կիրառել և արգելափակել ջրանցքը ռուսական նավերի համար, հայտնում է Prensa Latina տեղական հրատարակությունը։
Ավելի վաղ Կենտրոնական Ամերիկայի բնակիչները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով արգելել ռուսական նավերի անցումը ջրանցքով։ Այդ բողոքի պատճառը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է։
Պանամայի ջրանցքով անցնելու հնարավորությունը հիմնված է միջօվկիանոսային չեզոքության սկզբունքի վրա, սակայն տարանցիկ փոխադրումը վերահսկվում է տեղական իշխանությունների կողմից։ Ցուցարարները նամակ են հանձնել նախագահ Լաուրենտինո Կորտիզոյին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։
Այնուամենայնիվ, Պանամայի ջրանցքի վարչակազմը (ACP) ավելի ուշ հայտարարեց, որ չեզոքության քաղաքականությունը կպահպանվի։
«Պանամայի ջրանցքի վարչակազմն ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին, սակայն սա մշտական չեզոք միջազգային տարանցիկ ջրանցք է», - ասվում է հայտարարության մեջ:
Այս չեզոքության նպատակն այն է, որ և՛ խաղաղ, և՛ պատերազմի ժամանակ ջրանցքը «մնա անվտանգ և բաց բոլոր երկրների նավերի խաղաղ տարանցման համար՝ լիակատար հավասարության պայմաններում»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։