Մոսկվան դրական է գնահատում ՌԴ-ի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման գաղափարը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան կողմերի համաձայնությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում է նախաձեռնում Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Մոսկվան դրական է գնահատում Թուրքիայի գաղափարը Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովում կազմակերպելու վերաբերյալ։ Համաժողովն անցկացվելու է մարտի 11-13-ը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի ժնևյան բաժնին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։