ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Կիևի կենդանաբանական այգում լեմուր է ծնվել։ Ձագուկին թուրքական անօդաչու սարքի պատվին անվանել են «Բայրաքթար»։
«Կիևի կենդանաբանական այգում ծնվել է լեմուրը, որին անվանել են «Բայրաքթար»»,-իր Telegram-ալիքում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Նա հավելել է, որ քաղաքը շարունակում է պատրաստվել պաշտպանության։ Փողոցներում ավելացել են հսկիչ կետերը։ Կլիչկոյի խոսքով` Կիևի հիվանդանոցներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինա են բերվել նոր թուրքական անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 9–րդ օրը։