Հայաստանի քաղաքացիները կարող են փորձել իրենց խնայողությունները դիվերսիֆիկացնել, այսինքն՝ գումար պահել այն արտարժույթով, որով հետագայում ծախս են անելու, սա թույլ կտա ստեղծված իրավիճակում նվազեցնել արտարժութային ռիսկերը՝ կենցաղում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով դոլարի փոխարժեքի թանկացումն ու դրամի որոշակի արժեզրկումը, բացատրեց՝ ինչով է դա պայմանավորված ու ինչ կարող են անել Հայաստանի քաղաքացիները։
Պարսյանի խոսքով՝ կանխատեսելի էր, որ Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների ֆոնին հայկական դրամը ևս պետք է արժեզրկվի, քանի որ Հայաստանը Ռուսաստանի շատ սերտ գործընկերն է, մեր արտահանման մոտ 28 %-ը, փոխադրումների 41%-ը Ռուսաստանի հետ է կապված և Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ կամ բացասական սպասումներով Հայաստանը ևս այս խնդրի հետ առնչվելու է։
«Տարեկան մենք Ռուսաստան արտահանում ենք մոտ 845 մլն դոլարի ապրանք, որի 60%-ը ռուբլով է, իսկ ռուբլին արժեզրկվում է: Մենք պետք է կարողանանք դրամը ևս որոշակի արժեզրկենք, որ մեր ապրանքները մրցունակ լինեն ռուսական շուկայում, դուրս չմնանք այդ շուկայից»,-մանրամասնեց տնտեսագետը։
Պարսյանն ընդգծեց՝ այս պահին կարիք չկա խուճապի մատնվել ու գումարները բանկերից հանել։ Տատանումները վտանգավոր չեն, եթե դրան զուգահեռ մեր տնտեսությունը զարգանա։ Օրինակ, երբ դրամն արժեզրկվում է՝ արտահանումն աճում է, բայց եթե դրամն արժեզրկվի, արտահանումը՝ նվազի, տնտեսությունը դանդաղի, այդ մասով խնդիր կունենանք։ Ըստ Պարսյանի, զուտ արտարժույթով պայմանավորված չենք կարող գնահատել տնտեսական իրավիճակը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից հետո արևմտյան մի շարք երկրներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական, ավիացիոն, մշակութային ևն, պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, ինչի հետևանքով ռուբլին կտրուկ արժեզրկվել է։ Սա նաև իր ազդեցությունն է ունենում Հայաստանի ու հայկական շուկայի վրա։ Դոլարի փոխարժեքը հատել է 500 դրամի սահմանը։