ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հայաստանի հանքերից ստացվող հարկերի մի մասն այսուհետ կուղղվի շահագործումից անմիջականորեն տուժող համայնքների զարգացմանը։ Համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովը։
Նոր օրենքով նախատեսվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հարկի կեսը` 50%-ը, փոխանցել հանքավայրից տուժած համայնքներին, իսկ մնացած 50%-ը բաշխել ցանկացած այլ հանքերի շահագործման հետևանքով տուժած բոլոր համայնքների միջև:
Համայնքների առջև այս լրացուցիչ եկամուտները խիստ նպատակային ծախսելու պայման է դրվում։ Դրանք կարող են ուղղվել միայն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին, որոնք կկազմեն համայնքային իշխանությունները, ապա կհաստատի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը։
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության` 2020 թվականի բյուջեի հաշվետվության համաձայն (2021 թվականի արդյունքները դեռ ամփոփված չեն)` այս հարկատեսակի (ռոյալթի) վճարումները կազմել են 43,7 մլրդ դրամ։
Այս պարագայում ազդակիր համայնքներին փոխանցվող գումարը կկազմի ընդհանուր շուրջ 21.8 մլրդ դրամ։