Վահրամ Սահակյանը համոզված է, որ Քուչակ կարդացող հայը չի կարող մուղամ լսել։ Նրա խոսքով` հայ լինելը գենով պայմանավորված չէ, այլ վարքագծով։ Այս և մի շարք այլ խնդիրներ վեր են հանում «Կատակամարտ» նոր կատակերգության հերոսները։
Հայ հանդիսատեսի կողմից սիրված «Մեա Կուլպա» ներկայացման հեղինակը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանում է, որ թեև «ապրում» է բեմում, բայց հին գործերով չի ապրում, հետ չի նայում․ ամբողջությամբ տարված է «Կատակամարտ» ներկայացման առաջնախաղով։ Այն, հեղինակի բնորոշմամբ, իր առաջին կատակերգություն է, բայց, ինչպես միշտ, թելադրված է հայության օրհասական խնդիրներով։
Վարկածներ հայության մասին
«Հայաստանում ապրող մաքուր հայերը չորս հարյուր հազարից կես միլիոն են, մնացած 2,5 միլիոնին կդժվարանամ հայ անվանել, գուցե ավելի լավն են, բայց այլմոլորակային են, եկել են «Տավարի» գալակտիկայի «Տավարի ցավ» համաստեղության «Համբալյոն» մոլորակից», - կեսկատակ–կեսլուրջ ասում է «Կատակամարտի» հեղինակը։
Լացե՞լ, թե՞ խնդալ
«Քանի որ մենք գտնվում ենք հետպատերազմական փուլում, մեզ կարելի է միայն կարեկցել։ Մենք պետք է հասկանանք գոնե պատճառներից մեկը՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Գուցե այլ մոլորակից, այլ գալակտիկայից դարեր առաջ այլմոլորակայիններ են եկել ու այդ 2,5 միլիոնը հայ չէ, այլ ազգ էլ չէ․․․ 21-րդ դարում ողբերգություն է եղել, ու նրանք ասիմիլացվել են։ Հիմա միջտիեզերական ատյաններին ինչպե՞ս հասցնենք, որ մենք մեղավոր չենք, մենք ստեղծագործ, գլուխներս կախ ժողովուրդ ենք», - շարունակում է առաջ քաշել իր թեզը Սահակյանն ու հավելում, որ եթե առաջ մարդիկ չգիտեին` որտեղ լացեն, որտեղ ծիծաղեն, ապա տրագիկոմիկ տարրերով այս բեմադրությունը ավելի շատ ծիծաղելի է։
Զգուշացեք. առջևում թարսաչափ է
Հարցին, թե քաղաքական ենթատեքստով այս ներկայացումը կատակելու թեմաներ տալի՞ս է, հեղինակը հավաստիացնում է, որ ինքը չի անցնում թույլատրելիի սահմանը, քանի որ «միգամածություններում ատելություն խոսք չեն սիրում, և նրան չի թույլատրվում հայհոյել»։ Իսկ այն, որ հոգևորականը կարող է հանդես գալ «ԱՃՈ՝ առաքելական ճանապարհային ոստիկանության» տեսուչ, առաջարկում է ընկալել առանց բացասական երանգի, քանի որ վերջիններս լավ բան են անում։ «Այլմոլորակայինները ամեն տեղ խցկվում են՝ բանկոմատ, խանութ, մեքենա վարելիս․․․
«Բայց խցկվելու համար տուգանք չկա։ Դրա համար որպես հոգևորական նրանք լավ բան են անում՝ եթե մեքենան խախտում չի անում, կանգնեցնում-օրհնում են, իսկ եթե խախտում է գրանցվում, այն էլ` պահքի օրերին, եկեղեցին վտարում է»։ Շարունակելով համատարած տուգանքների հանդեպ «հակվածությունը»` հեղինակը հանդես է գալիս նորարարական առաջարկով՝ թարս նայելը քրեականացնել և տուգանք սահմանել դրա դիմաց, իսկ վերահսկողությունը հաստատել «թարսաչափերի» միջոցով։
Գրողը, մարգարեությունն ու ժողովուրդը
Թեև հայտնի է, որ իր հայրենիքում մարգարեներ չկան, այնուամենայնիվ, յուրաքանչյուր գրող մի քիչ էլ մարգարե է։ Եվ հենց «Մեա Կուլպա» ներկայացումն էլ դրա վառ օրինակն էր, որում կանխատեսվում էր 2015 թվականին մեր կորցրած տարածքների վերադարձը։ «2020–ին հողերը ոչ միայն հետ չբերեցինք, այլև կորցրինք, - ասում է Վահրամ Սահակյանը։ – Այս ներկայացման մեջ չկա ապագայի կանխատեսում, այն կանխատեսված–վերջացված է. ապագայի հետ գործ չունեմ, թողեք` ես չմարգարեանամ»։
«Ժողովուրդը» այս ազգի թշնամին է
Այսօր նրան ամենից շատ մտահոգում է հասարակության այն հատվածը, որն իրեն անվանում է «ժողովուրդ»։ Ասում է` հայ ժողովուրդը հայ ազգի ֆեյքն է։ Վերջինիս հավաքական կերպարը նոր ներկայացման մեջ մարմնավորել են հերոսներ Աջաբն ու Սանդալը, որի համար Ցեղասպանության հարցից հրաժարվելն ու չհրաժարվելը պայմանավորված է ձեթի թանկացմամբ կամ չթանկացմամբ։
«20 տարում լրագրողները այնքան մատուցեցին անբան, անատամ, տգեղ, փնթի, մարդու նկարագիր կորցրած մարդկանց, որ այդ ուրիշ մոլորակից բերվածները ասում են՝ ես եմ ժողովուրդը։ Բազմիցս ասել եմ՝ նորմալ, աշխատող մարդկանց նկարեք, չէ՞ որ դուք ժողովրդի կերպար եք ձևավորում․․․ Ու այդպես էլ եղավ։ Չլվացվող, չսափրվող, միայն խոսող պորտաբույծ այլմոլորակայինները ժողովուրդ չեն։ Ժողովուրդը սահմանին կանգնած զինվորն է, պատ շարող բանվորն է, հող մշակող գյուղացին է, վերջապես Կոմիտասը, Ազնավուրը, Տիգրան Համասյանը»։
Նրա հաշվարկով` այսօր Երևանում մոտ 50-60 հազար մարդ, որ ապրում է այդ խնդիրներով։
Մտավորականության մասին
Նա մտավորականներին վերապահումով է ընկալում։ Իր հերոսները՝ Անհամլետն ու Ուրվակյանը, նույնպես անդրադառնում են 80+ մտավորականների վարքագծին։
«Չեմ ընդունում այն արվեստագետներին, որոնք փնովելով նախկին իշխանություններին` մոռանում են, որ նրանցից ստացել են կոչումներ, բնակարաններ, մեդալներ, սեղան են նստել նրանց հետ, ու հետո ասում են՝ մեզ փրկել են նախկին ռեժիմից։ Ուրեմն ասողներն այն ժամանակ պետք է լինեին այլախոհ-դիսիդենտներ։ Ի՞նչ է նշանակում՝ սատարել հեղափոխությանը, ի վերջո դա Լենինն է, Ստալինն է, երեխա գնդակահարող Չե Գևարան է, մարդ վառող Մանդելան է, - զայրույթով պատմության էջերին է անդրադառնում դերասանը և հանգում եզրակացության,– մենք մտավորական չունենք, ես չեմ ընդունում այն մարդուն, որը սկզբից այսպես խոսեց, հետո այնպես, հետո՝ կներեք, ես սխալվել եմ ․․․ Գնացեք, զինվորի մայրերից ներողություն խնդրեք։ Եթե ես մի անգամ սխալվեմ, դուրս կգամ կասեմ՝ կներեք, ես մի անգամ սխալվել եմ, ու այլևս չեմ խոսի։ Թե չէ հավաքվել, քննարկում են հայրենիքի փրկության հարցերը։ Դա ապրելու ձև չէ, դա սրիկայություն է»։
Սրիկայություն արվեստում
Հարցին, թե արդյոք «սրիկայությունից» շատ խոսելը նվազեցնում է երևույթը, թե ընդհակառակը՝ կյանքի կոչում այն, թատերագիրը պատասխանում է. «Ես հանդիսատեսին, քավ լիցի, ոչինչ չեմ սովորեցնում։ Ուղղակի հետևում եմ արձագանքին. ծիծաղեց՝ դուր եկավ, լռեց՝ ուրեմն մտածելու առիթ եղավ։ Երբ ասում են՝ դու ինչ լավն ես, բայց իշխանությունները քեզ ճնշում են, համարում եմ սրիկայություն արվեստում»։
Սահակյանը չի շրջանցում նաև մուղամների թեման, որոնք, նրա բնութագրմամբ, արդեն ոչ միայն թուրքական են, այլև այլ լեզուներով։ Իսկ հարևանների հետ առավել սերտ «հարևանություն» անելու հետևանքով դրանց ավելանալու վտանգի մասին ասում է «Անհայրենիք հայի համար մեկ է, թե ով է իրեն կոտորելու։ Ազգային գեն չկա, կա արյան կանչ։ Քուչակ կարդացող հայը չի կարող լսել մուղամ կամ ռուսական «Դոլյա վոռովսկայա»։
Մինչև չպառակտվենք, չենք մաքրվի
Հանրություն բևեռացման պայմաններում Վահրամ Սահակյանն իր հանդիսատեսին բնութագրում է ուղղակի «լավ մարդիկ»։ Իսկ պառակտման մեջ վատ բան չի տեսնում, փոխարենը ազգի ինքնամաքրման, զտվելու ունակություն է ակնկալում։ Համարում է, որ «Հայեր, միացե՛ք»–ը ամենավտանգավոր կոչն է։ Մի հայ, որ Կոմիտաս է լսում, ինչո՞ւ միանա մուղամ լսող, սերիալ նայող այլմոլորակայինին։
«Չեմ ուզում միանալ նրան, ով հայրենիքը ծախում, թուրքի հետ ընկերություն է անում, որ ձեթն ու պոմիդորը էժան լինի։ Եթե միանամ, «կառոտկի» կտա», - ամփոփում է թատերագիրը ու հրավիրում հանդիսատեսին, բայց ոչ հանդիսաՉտեսին մարտի 18,19-ին Բաղրամյան 17 հասցեյում գտնվող «Ճարտարապետների միություն»` դիտելու իր նոր «Կատակամարտը», որտեղ մարտը, իր հավաստմամբ, վարելու է կատակներով։