ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը, որը մարտի 1-ից թռիչքներ է սկսել դեպի Մոսկվա, ծրագրում է մարտի 14-ից ավելացնել չվերթերի թիվը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Մարտի 14-ից ավիաընկերությունը շաբաթական հինգ չվերթ կիրականացնի երկուսի փոխարեն»,- ասաց Անանյանը։
Նրա խոսքով` դա պլանային ավելացում է, որի շրջանակում նախատեսվում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։
«FlyOne Armenia»–ն մտադիր է նաև ամառվա ամիսներին թռիչքների իրականացնել դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ՝ Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Նովոսիբիրսկ։
Նշենք, որ« FlyOne Armenia»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: