ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև սերտ կապերը միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ լուրջ սպառնալիք են տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար: ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ–ից։
Բաբայանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականության դեմ եթե ժամանակին չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հետևանքներն անդառնալի կլինեն։
Նա երախտագիտություն է հայտնել կոնգրեսական Փալոնին Արցախին մշտապես աջակցելու, Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտման դեմ պայքարելու, համահայկական տարբեր հարցերի լուծմանը սատարելու համար։
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։