ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԵՄ-ն որոշել է դադարեցնել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային համագործակցության ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական հանձնաժողովը։
ԵՄ-ն չի ծրագրում նոր համաձայնագրեր կնքել ռուսական հետազոտական կենտրոնների հետ:
«Եվրահանձնաժողովը դադարեցնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ համագործակցությունը սահմանային համագործակցության ծրագրերի գործիքի շրջանակում», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դադարեցվում է նաև Բալթիկ ծովի տարածաշրջանի «Ինտերեգ» ծրագրի շուրջ համագործակցությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։