ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը մարտի 9-ին արտահերթ նիստ կգումարի: Նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն է։
Նիստի օրակարգում կառավարության հեղինակած երկու նախագիծ է. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու և «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին։
Գործադիրը նաև երկու օրինագծերի ընդունման համար 24–ժամյա ռեժիմ է սահմանել, ինչը նշանակում է, որ դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում։
Նշենք, որ Ծխախոտային արտադրատեսակների սահմանափակումներին վերաբերող օրենքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է 2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտնող արգելքին, որտեղ ծխախոտային արտադրանքներում բացի «նյութից» կառավարությունն առաջարկում է ավելացնել նաև «լուծույթ» բառը։
Ինչ վերաբերում է «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրին, այն ԱՄՀ–ի հետ կնքվել է դեռ 2019թ. մայիսին։ Դրանով ՀՀ–ին 248.2 մլն ԱՄն դոլար աջակցություն է տրվել` կառուցվածքային բարեփոխումների իրականացման նպատակով։
Սակայն ավելի ուշ ծրագիրը վերանայվել է ու համաձայնություն է ձեռք բերվել՝ ծրագրի նպատակայնությունը փոխելու և միջոցները ուղղելու կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանը։ Բացի այդ ԱՄՀ–ն նաև հավելյալ 175 մլն ԱՄՆ դոլար է տրամադրելու։
2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին տեղի են ունեցել ծրագրի չորրորդ և հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով որոշվել է միջոցների մի մասն ուղղել պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, ինչի առաջակով ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին դիմել է ԱՄՀ-ին։
Կառավարության շտապ կարգով ներկայացրած նախաձեռնությամբ ԱԺ–ին առաջարկվում է վավերացնել հենց այս` վերջին համաձայնագիրը` պետական բյուջեի պակասուրդը ծածկելու համար։