ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Արևմուտքն ու Կիևն արհեստական հիստերիա են հրահրում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը Վասիլի Նեբենզյան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ավելի վաղ առաջարկել էր Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հրավիրել:
«Այսօրվա նիստը Կիևի իշխանության հերթական փորձն է արհեստական հիստերիա բորբոքելու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, իսկ արևմտյան հովանավորները ձայնակցում են նրանց»,-ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
Դիվանագետն ընդգծել է, որ ռուս զինվորականների նպատակն է ապահովել Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունը, էներգաբլոկների անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր հայտնել էր, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել արդեն իսկ ռուս զինվորականների վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում: ԱԷԿ-ի տարածքից դուրս ուսումնավարժական համալիրում գտնվող դիվերսիոն խումբը կրակ է բացել Ռոսգվարդիայի զինծառայողների վրա, որոնք պահպանում են տարածքը:
Ռուսական պարեկները հրաձգային զենքից պատասխան կրակով ճնշել են շենքում ուկրաինացի դիվերսանտների կրակակետերը։ Հեռանալով շենքից՝ ուկրաինական դիվերսիոն խումբը հրկիզել է ուսումնավարժական կորպուսը։ Հետագայում կրակը մարվել է։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ներկայումս Զապորոժսկայա ԱԷԿ-ի անձնակազմն աշխատում է սովորական ռեժիմով, ռադիոակտիվ ֆոնը էլեկտրակայանի շրջանում նորմալ է: