ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Նա նշում է, որ Լվովից և Ուժգորոդից Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։
Հունանյանի խոսքով` Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին, և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ այն քաղաքացիներից, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա չի պահանջվի:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ են գործուղվել նշյալ երկրների` Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ։