ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Անգամ ցանկության դեպքում հիմա դժվար է ԱՄՆ-ին Ռուսաստանի գործընկեր անվանել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները հետաքրքրվել են` արդյոք առաջիկայում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենը կզրուցեն հեռախոսով, քանի որ վերջին շրջանում ՌԴ առաջնորդը զրուցել է արևմտյան գործընկերների հետ:
«Հիմա անգամ ցանկության դեպքում դժվար է զրուցակիցներին գործընկերներ անվանել։ Բայց ամեն անգամ դա լավ հնարավորություն է մեր փաստարկները զրուցակիցներին հասցնելու և Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության էությունը բացատրելու համար»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։