Ադրբեջանցիները տարածքը լքելու կոչեր հիմա էլ Նորշենի բնակիչներին են անում

Ռուս խաղաղապահները խոստացել են ապահովել Նորշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր ադրբեջանական զինծառայողները փորձել են ահաբեկել Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։
Օրեր առաջ ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում էին լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում էին, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։ Այսօր ադրբեջանական ԶԼՄ–ները կրկին տարածել են սադրող ձայնագրությունից հատվածներ` վերագրելով այսօրվան։
Նորշեն համայնքի բնակիչներից մեկը «Ապառաժ»-ին տեղեկացրել է, որ Նորշենի մերձակա դաշտերում ռուս խաղաղապահների ներկայությամբ աշխատող գյուղացիներին վախեցնելու և աշխատանքները դադարեցնելու համար թշնամու զինծառայողները կրակահերթ են արձակել դեպի օդ։
«Դեպքից հետո ռուս խաղաապահներն իրենց հետևակի մարտական մեքենայի փողն ուղղել են դեպի թշնամու դիրքեր և գյուղացիներին ասել, որ ուշադրություն չդարձնեն, չվախենան և հանգիստ շարունակեն աշխատանքները։ Ռուս խաղաղապահները խոստացել են ապահովել գյուղացիների անվտանգությունը»,–գրված է կայքում։
Այդ ամենից հետո ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսով մեքենան մոտեցրել են դիրքերին և հնչեցրել հայտնի ձայնագրությունը, որը լսվել է Նորշեն և Աշան համայնքներում. խուճապային տրամադրություններ չկան։
Հիշեցնենք, որ այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը հայտնել էր` արդեն 4-5 օր է, ինչ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում ադրբեջանական կողմի սադրանքները դադարել են, ադրբեջանցիները «լռել» են։