ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Միայն ոչ թե 30 մետր հեռու, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Չէ՞ որ ես հարևան եմ, նորմալ տղամարդ։ Նստիր ինձ հետ, խոսիր։ Ես չեմ կծում»,- ասել է Զելենսկին արևմտյան ԶԼՄ-ների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ:
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի հարձակվել Ռուսաստանի վրա և չի պատրաստվում:
Հիշեցնենք` Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն սկսեց փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ նպատակը այն մարդկանց պաշտպանությունն է, որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ցեղասպանության: Այդ պատճառով ծրագրվում է ապառազմականացնել Ուկրաինան, դատի տալ ռազմական բոլոր հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքներին և ուկրաինական զորքերին, քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: