«Ընդմիշտ ձեր Հենո». Մխիթարյանը հեռանում է Հայաստանի ազգային հավաքականի կազմից

Հենրիխ Մխիթարյան. Արխիվային լուսանկար
Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ հիմա ամենահարմար ժամանակն է Հայաստանի ազգային հավաքականի կազմից դուրս գալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի– Sputnik. ՀՀ ազգային հավաքականի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը որոշել է ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթները: Նա ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել` հայտնելով իր որոշման մասին։
«Հիշում եմ, երբ Պանամայի դեմ ընկերական խաղում առաջին անգամ հագա ազգային հավաքականի մարզաշապիկը և երբ աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում առաջին գոլս խփեցի։ Ես ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին, անկախ այն հանգամանքից, թե որքան դժվար է դա։ Վերջին 15 տարիների ընթացքում մեծ պատիվ էր ինձ համար խաղալ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ լինել ավագը»,–գրել է Միխթարյանը։
Նրա խոսքով` 95 միջազգային խաղերից, լարված աշխատանքից, իր երկիրը խաղադաշտում ներկայացնելու ճանապարհին աննախադեպ վերելքներից ու անկումներից հետո որոշում է կայացրել ավարտել միջազգային կարիերան Հայաստանի հավաքականում։
Մխիթարյանը հայտնել է, որ նման որոշում է կայացրել Գերմանիայի դեմ վերջին խաղից հետո:
«Կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է։ Ես ազգային թիմին տվեցի այն ամենը, ինչ կարող էի։ Այդ պատճառով առաջիկա տարիներին ես ամբողջովին կենտրոնացած կլինեմ իմ ակումբային կարիերայի վրա»,–հավելել է Մխիթարյանը։
Նա նշել է նաև, որ հենց Հայաստանում` իր հայրենիքում է իր ֆուտբոլային կարիերայի սկիզբը դրվել և ընդմիշտ շնորհակալ կլինի յուրաքանչյուր մարդու, ով աջակցել է իրեն, մարզել, ում հետ խաղացել է, ով նպաստել իր աճին։
Նա հաջողություններ է մաղթել Հայաստանի ազգային հավաքականին։
«Ընդմիշտ ձեր Հենո»,–այսպես է ստորագրել իր հայտարարության տակ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է։ Յոթ տարեկանում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։
Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն էր, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանի է արժանացել։