ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Մայքլ Արամն աշխարհի ամենավառ նկարիչ-դիզայներներից է, որն աշխատում է հիմնականում մետաղով։ Հայ փախստականների ժառանգի եզակի արվեստի մասին գրել է Ֆլորիդայի հեղինակավոր The Boca Raton Observer ամսագիրը։
«Ինտերիերի զարդարումը հատուկ նշանակություն ունեցող դեկորի պարագաներով ոչ միայն էսթետիկա է, այլև սեփական տունը դրախտ դարձնելու գործընթաց։ Այս արվեստին քչերն են նկարիչ Մայքլ Արամից լավ տիրապետում»,- գրում է հոդվածի հեղինակ Լինդա Չիլդերսը։
59-ամյա դիզայներն իր ընտանիքի հետ երկու տարի առաջ Նյու Յորքից տեղափոխվել է Ֆլորիդայի հարավ, որտեղ մշտապես ոգեշնչման նոր աղբյուրներ է գտնում:
«Ինձ դուր է գալիս Ֆլորիդայի գեղեցկությունը, այստեղի թեթևության զգացողությունը։ Ես արդեն պատկերացնում եմ ապագա նախագծերը, որոնք ոգեշնչված են արմավենու ծառերով և ծովային խաղողի տերևներով»,-խոստովանում է նկարիչը։
Մայքլ Արամ Վոլոհոջյանը ծնվել և մեծացել է Ռոդ Այլենդում` հայերի ընտանիքում։ Նրա դիզայներական աշխատանքները ներծծված են նրա ընտանիքի մշակույթով ու սովորույթներով:
«Հիշում եմ, թե ինչպես ես` փոքրիկ տղաս, հիացա հայկական գորգերի գույներով, նախշերով ու խորհրդանիշներով։ Դեռ մանուկ հասակում ինձ դուր էր գալիս սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստելը»,-պատմում է դիզայները։
Արամը հաճելի հիշողություններ ունի գեղեցիկ սեղանի շուրջ ընտանեկան ընթրիքների մասին։ Այսօր նրա մետաղական աքսեսուարներից շատերը զարդարված են հայկական մշակույթում գտնված խորհրդանիշներով, այդ թվում՝ նռով, խաղողի վազով, կենաց ծառով։
Նյու Յորքում կերպարվեստի ուսուցումից հետո Մայքլ Արամը 25 տարեկանում ճակատագրական ուղևորություն կատարեց Հնդկաստան։ Դելիի փողոցներում նա տեսել է վարպետներին, որոնք պատրաստել են կենցաղային իրեր, և ապշել մետաղից դեկորատիվ իրեր ստեղծելու` հնդկական հնագույն ավանդույթներից:
Մայքլը ծանոթացավ արհեստավոր վարպետների հետ և նրանց մեջ իրական նկարիչների տեսնելով` հրավիրեց իրենց սեփական դիզայնի աշխատանքները պատրաստել։ Սկզբում մի քանի իր հայտնվեց, ապա խոշոր միջազգային պատվերներ եղան, ի վերջո, ծնվեց Michael Aram ապրանքանիշը.
Այսօր Դելիի նրա սեփական ստուդիայում մոտ 200 տեղացի արհեստավոր են աշխատում, ևս հարյուր վարպետներ աշխատում են Նահանգներում։ Michael Aram-ի հավաքածուներն առանձնանում են ոճի յուրահատկությամբ, բնական մոտիվների օգտագործմամբ ու ամբողջությամբ ձեռքի աշխատանք լինելով:
2015 թվականին Արամին հանձնարարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան ստեղծել։ Նրա «Միգրացիա» քանդակը պատկերում է Հայաստանի քարտեզի վրա ծածանվող ճեղքից թռչող բրոնզե թռչունների երամները։ Այս թռչունները խորհրդանշում են հայերին, որոնք ստիպված են լքել իրենց հայրենիքը և փախչել այլ երկրներ։
16 ֆուտ բարձրությամբ քանդակը գտնվում է Նյու Յորքի երկրորդ պողոտայի հայկական եկեղեցու մոտ։ Արամի համար, որի տատն ու պապը փրկվել են 1915 թվականի Ցեղասպանությունից, քանդակն առանձնահատուկ նշանակություն ունի։
Իսկ 2016 թվականին դիզայները նախագծել է Նոյյան տապանի մանրակերտը Ֆրանցիսկոս Պապի համար, նա Հայաստան կատարած այցի ժամանակ նվիրել է քանդակը պապին։ Այժմ այդ աշխատանքը պատվավոր տեղ է զբաղեցնում Վատիկանում։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նվերը
© Sputnik / Asatur Yesayants
Այս աշնանը Մետրոպոլիտենի թանգարանում, որտեղ Արամը մի ժամանակ աշխատում էր, կներկայացվեն նրա հինգ-վեց ստեղծագործությունները։