Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն ավելի քան 1500 զանգ է ստացել

Ուկրաինայում ՀՀ դեսպանության շենքը. Արխիվային լուսանկար
Հայերի և ՀՀ քաղաքացիների հետ մշտական կապ պահպանելու համար դեսպանատունը կիրառում է բոլոր հնարավոր մեխանիզմները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը Կիևում աշխատում է շուրջօրյա ռեժիմով և երկրում ռազմական գործողութունների բռնկման պահից ավելի քան 1500 հեռախոսազանգ է ստացել ՀՀ քաղաքացիներից և ազգությամբ հայերից։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցմանը։
«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն իրականացնում է շուրջօրյա աշխատանք, մշտական կապ պահպանելով ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի հետ։ Մեր հայրենակիցների հետ կապի մշտական հասանելիություն պահպանելու նպատակով գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները»,– ասվում է հարցման պատասխանում։
Դեսպանությունն օպերատիվ ձևով քաղաքացիներին տրամադրում է տեղեկատվություն` ստեղծված իրավիճակի, այն ճանապարհային ուղիների վերաբերյալ, որոնցով հնարավոր է դուրս գալ Ուկրաինայի տարածքից։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ԱԳ նախարարությունը դիվանագետներ է գործուղել Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա և նույնիսկ Հունգարիա (որի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցված են)` աջակցելու սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։