ՌԱԴԻՈ

«Թուրքիայում մտավախություն կա, թե ՌԴ-ն Կարսը կպահանջի»․ թուրքագետ

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն ու դժգոհությունները։
Sputnik
Թուրքիայում պետական մակարդակով կա մտավախություն, որ եթե Ռուսաստանը՝ հանձինս նախագահ Պուտինի, ինչ-որ կայսերական նկրտումներ ունենա, շատ հավանական է, որ հիշի նաև Կարսի խնդիրը։
Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ մեկնաբանելով Թուրքիայից հնչած հայտարարություններն այն մասին, թե չի բացառվում, որ «Պուտինի գլխում լինի նաև Կարսն ու Արդահանն ուզել» և դժգոհությունը Եվրոպային, թե ինչու է Ուկրաինան անդամակցվում ԵՄ-ին, իսկ Թուրքիան՝ ոչ։
Լոքմագյոզյանը հիշեցրեց պատմական այն դրվագը, երբ երկրորդ աշխարհամարտից հետո Ռուսաստանը Թուրքիայից պահանջել էր վերադարձնել Կարսի շրջանը, Թուրքիան էլ հենց այդ ժամանակ, ունենալով մտավախություններ, անդամակցել էր ՆԱՏՕ-ին։
«Այն ինչ մեզ ուզում են ցույց տալ հիմա, թե Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամացել են և ամբողջ մեր գլխին եկածը, Ղարաբաղի խնդրի հետ կապված, իրենց գործն էր, այդպես չէ։ Ռուսաստանն ավելի առաջ գնացող նպատակներ ուներ և տեսնում էր, որ Արցախի խնդիրը միայն մի փոքր քայլ է մեծ քաղաքականության մեջ, այստեղ հետ քայլեր արեց, որ կենտրոնանա Ուկրաինայի վրա։ Իսկ եթե Ուկրաինայի հարցերը լուծի, հիմա թուրքերը վախենում են, որ այդժամ, արդեն ուժեղացած վիճակով, Ռուսաստանը կթեքվի մեր կողմը, որ Կովկասից հարավ գտնվող տարածաշրջանի հարցերն էլ կարողանա լուծել»,-բացատրեց թուրքագետը։
Այն, որ Կարսի ու Արդահանի մասով հայտարարությունն արել էր թուրքական ընդդիմադիր ազգայնամոլական «Լավ» կուսակցության ղեկավարը, Լոքմագյոզյանի պնդմամբ, չի նշանակում, թե միայն ընդդիմադիրների մտավախությունն է դա։ Ըստ մասնագետի՝ այդպիսի մտավախություն կա պետական մակարդակով, ավելին՝ Թուրքիայում ազգայնամոլական կուսակցությունների ղեկավարներն, իրականում, ավելի սերտ կապ ունեն խորքային պետության հետ, քան մյուսները։
Հայաստանի ինտերակտիվ քարտեզը. ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների վավերագրումը
Ինչ վերաբերում է ԵՄ մասին Թուրքիայի դժգոհությանը, Լոքմագյոզյանն ասում է, որ սա միայն հայտարարության մակարդակով է, դժվար թե Թուրքիան ցանկանա վերաակտիվացնել ԵՄ-ին անդամակցելու` իր ծրագրերը։
Ավելին՝ Թուրքիան հիմա փորձում է ոչ թե դեպի արևմուտք ընդլայնվել, այլ դեպի արևելք։ ԵՄ-ն էլ, թուրքագետի կարծիքով, Թուրքիային կընդունի միայն եթե խոշոր աշխարհաքաղաքական փոփոխություններ լինեն ու քաղաքական տեսնակյունից դրա կարիքը լինի։