Թուրքիայում գնաճը հասել է 54,4 տոկոսի

Թուրքիայի նախագահը դեռ անցյալ տարվա վերջին խոստացել էր, որ երկրում բարձր գների ու գնաճի խնդիրն առաջիկա կես տարում կլուծվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Տարեկան գնաճը Թուրքիայում, փետրվարի տվյալներով, արագացել է ու հասել է 54,44%, իսկ մեկ ամիս առաջ՝ 48,69%-ի։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի կայքը։
Նշվում է, որ միայն փետրվարին Թուրքիայում սպառողական գների աճը 4,81 տոկոս է կազմել:
2021 թվականին հաշվի տոկոսադրույքի կրկնակի իջեցումից հետո Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքի անկումը արագացել է, ինչը բացասաբար է անդրադարձել երկրի ֆինանսական համակարգի վրա։ Իսկ տարեկան գնաճը լիրայի փոխարժեքի տատանումների ֆոնին արագացել է մինչև 36 տոկոս։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին 18 տոկոսով լիրայի անկումը վերջին 20 տարվա համար ռեկորդային էր։ Դոլարի փոխարժեքը առավելագույն` 18,4 լիրայի է հասել դեկտեմբերի 20-ին, մինչդեռ անցյալ տարվա հունվարին 7,4 լիրա էր։ Իսկ Թուրքիայում գնաճը նախորդ տարի հասել է մինչև 36,08 տոկոսի։
Թուրքական լիրայի անկման ֆոնին Էրդողանը փոխել է ֆինանսների նախարարին
Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի վերջին փոխարժեքի փոփոխականությանը հակազդելու միջոցների մասին հայտարարություններից հետո լիրան կտրուկ թանկացել է։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ երկրում բարձր գների ու գնաճի խնդիրը կլուծվի առաջիկա կես տարում: