ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Թուրքիան Ուկրաինային որպես օգնություն «Բայրաքթար» ԱԹՍ-ներ չի փոխանցել։ Դա մասնավոր ընկերությունից արված գնում է եղել։ Ինչպես հայտնում է Sabah թերթը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանը։
Մարտի 2-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել էր, որ երկիր է հասել թուրքական ԱԹՍ-ների նոր խմբաքանակ, որոնք արդեն մարտական հերթապահության են անցել:
««Բայրաքթարը» մասնավոր ընկերության արտադրանք է։ Ուկրաինան նույնպես ցանկացել է ձեռք բերել այդ ապրանքը մեր ընկերությունից, և նրանց միջև գործարք է կնքվել։ Նրանք տրամադրել են այդ արտադրանքը։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Այսօր Ռուսաստանը, ԱՄՆ-ն ռազմարդյունաբերական համալիրի մասնավոր ընկերություններ ունեն։ Այդպիսի մասնավոր ընկերությունները կարող են պայմանագրեր կնքել նաև երկրների հետ։ Այդ երկրները նրանց որևէ բան չեն պարտավորեցնում»,- նշել է Քըրանը։
Փոխնախարարը կրկին ընդգծել է, որ դա Թուրքիայի կողմից օգնություն չէ։ Միաժամանակ նա հավելել է, որ Անկարան հպարտանում է հայրենական արտադրանքով։
2018-2020 թթ․-ին Ուկրաինան թուրքական «Bayraktar TB 2» հարվածային անօդաչու թռչող սարքեր է ներմուծել, որոնց գնման համար ծախսվել է շուրջ 74 մլն դոլար: Փետրվարի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն ու Անկարան համաձայնագիր են ստորագրել, որն ընդլայնում է երկրում «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը։