ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը այսօր ԵՄ չորս երկրում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Հունաստանում, դադարեցրել են հեռարձակումը ռադիոեթերում, թողարկումը կայքերում և սոցիալական ցանցերում: Տեղեկությունը հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը։
«Մենք միշտ ազնիվ ենք եղել մեր լսարանի հետ՝ պատմելով և ցույց տալով այն, ինչի մասին չեն գրել մեր գործընկերները։ Շնորհակալություն ձեզ՝ մեր լսարանին, որ ձեզ համար խոսքի ազատությունը դատարկ ձայն չէ, այլ կյանքի սկզբունքներից մեկը», - ասված է Sputnik-ի ուղերձում։
Հիշեցնենք` Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված ռուսական գործողությունների ֆոնին Եվրամիությունն արգելել է Russia Today-ի և Sputnik-ի բովանդակության տարածումը։ Որոշման հավելվածում նշված են հետևյալ կազմակերպությունները՝ RT – Russia Today English, RT - Russia Today UK, RT - Russia Today Germany, RT - Russia Today France, RT - Russia Today Spanish, ինչպես նաև Sputnik–ը։