«Մենք կգտնենք այդ ներդրողներին». Քերոբյանի` միլիարդներ բերող «խորամանկությունը»

Կառավարության աջակցության նոր ծրագիրը վերաբերում է տավարաբուծության, խոզաբուծության ու թռչնաբուծության ոլորտներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի կառավարությունը կփորձարկի անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման ծրագիրը։ Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը. ԵԱԶԲ
Նախագիծը ներկայացնելիս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այն ուղղված է անասնապահության` տավարաբուծության, խոզաբուծության եւ թռչնաբուծության ոլորտների տնտեսությունների խոշորացմանը։
«Այս երեք ուղղություններով մեր ինքնաբավության մակարդակը բավական ցածր է, և մենք կարիք ունենք ինչքան հնարավոր է` խոշոր գյուղատնտեսական համալիրներ ձևավորելու»,– ասաց Քերոբյանը։
Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել խոշոր ներդրումների կապիտալ ծախսերի 35 տոկոսը։
Ի դեպ, Վահան Քերոբյանն այս առաջարկը «խորամանկություն» որակեց` ասելով, որ այդ չափը հավասար է տնտեսվարողի վճարած հարկերին, ինչը նշանակում է, որ կառավարությունը վերադարձնելու է նրա վճարած հարկը 5 տարվա ընթացքում։
Սահմանափակումներ կիրառելը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի մեջ. Քերոբյան
Քերոբյանը նաև հայտնեց, որ ծրագրում կներառվեն միայն խոշոր ներդրումային ծրագրերը. տավարաբուծության ու խոզաբուծության ոլորտի պարագայում` առնվազն 10 մլրդ դրամի ծրագրերը, թռչնաբուծության ոլորտում` առնվազն 8 մլրդ։
«Մենք կգտնենք այդ ներդրողներին»,– հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը` միաժմանակ վստահեցնելով, որ ՀՀ շուկան պատրաստ է նման խոշոր ներդրումների։