ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանում 2021 թվականին պետական պատվերի շրջանակներում լսողության խնդիր ունեցող 1-4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն է իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նորածինների լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում:
«Ծրագրի շրջանակներում 2021 թ–ին Հայաստանում իրականացվել է 33 177 հետազոտություն: Սքրինինգի արդյունքում հայտնաբերված երեխաները վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա»,– տեղեկացնում են գերատեսչությունից:
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:
Հիշեցնենք, որ մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Նպատակը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում:
Այս տարի կարգախոսն է` «Ողջ կյանքի ընթացքում լսելու համար անհրաժեշտ է խնայել լսողությունը», որը նվիրված է լսողության կորստի կանխարգելման նշանակությանը և մեթոդներին, մասնավորապես` անվտանգ լսելուն: