Կիևը պետք է բացի մարդասիրական միջանցքները. ՌԴ ՊՆ–ն` մարդկանց արգելափակման մասին

Կիևի օդանավակայանում
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Կիևում, Խարկովում, Սումիում, Օդեսայում, Մարիուպոլում և մյուս քաղաքներում նացիստներն արգելափակում են տասնյակ հազարավոր բնակիչների` թույլ չտալով նրանց անվտանգ վայր գնալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի խոսքով` ՌԴ ՊՆ–ն ՄԱԿ–ին և միջազգային մյուս կազմակերպություններին հորդորել է արձագանքել Ուկրաինայում մարդասիրական իրավունքի խախտմանը։
«Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում` ո՞ւր են ՄԱԿ–ի մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները։ Ո՞ւր է միջազգային հանրության, ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, մյուս միջազգային կազմակերպությունների համապատասխան կառույցների համապատասխան արձագանքը։ Ո՞րն է խաղաղ բնակչության վերաբերյալ տարրական կանոնները պահպանելու` Կիևին ուղղված նախազգուշացումների հարցում արևմտյան երկրների դերն ու տեղը», – ասել է Միզինցևը։
ՊՆ–ն նաև ՌԴ ԱԳՆ–ին է դիմել Ուկրաինայի իշխանությունների վրա ազդելու համար, որպեսզի դադարեն հակաիրավական գործողությունները խաղաղ բնակիչների և օտարերկրացիների նկատմամբ, ու մարդասիրական միջանցքներ ապահովվեն։
«Խնդրում եմ ՌԴ ԱԳՆ–ին հրատապ ակտիվ նպատակաուղղված աշխատանք տանել միջազգային բոլոր հարթակներում` կիևյան ռեժիմի, ինչպես նաև նշված բնակավայրերի, այդ թվում նաև խոշոր քաղաքների վարչակազմերի վրա արդյունավետ ազդելու համար, որպեսզի անմիջապես դադարեցվեն հակաիրավական գործողությունները խաղաղ բնակչության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Սեղմ ժամկետներում մարդասիրական միջանցքներ ստեղծել ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիներին դրանցով անվտանգ վայրեր դուրս բերելու համար», – ասել է Միզինցևը։
Գեներալ–գնդապետը նշել է, որ ռուսական կողմն արդեն ստեղծել է բոլոր պայմանները Ուկրաինայի խաղաղ բնակիչներին անվտանգ տարհանելու համար և պատրաստ է ցանկացած պահի մարդասիրական միջանցքներ կազմակերպել։
Նրա խոսքով` ՌԴ ԶՈւ–ն օգնել է Ուկրաինայից ավելի քան 580 օտարերկրյա քաղաքացու։
«Արդյունավետ միջոցների, այդ թվում ՌԴ ԶՈւ–ի անվտանգության ապահովման, մարդասիրական միջանցքների ստեղծման և ցանկացած կրակային միջոցների կիրառման ու զորքի գործողությունների համար սահմանած «լռության ռեժիմների» շնորհիվ այս ողջ ընթացքում վտանգավոր վայրերից հնարավոր դարձավ դուրս բերել 588 օտարերկրյա քաղաքացու», – ասել է Միզինցևը։
Նրանց թվում են Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ–ի, Հունաստանի քաղաքացիներ, ինչպես նաև ԵԱՀԿ առաքելության և ՄԱԿ–ի աշխատակիցներ։ Տարհանումն իրականացվել է Կիևից, Խարկովից և Մարիուպոլից։
Ինչպես նշել է Միզինցևը, Խերսոնի, Սումի և Խարկովի մարզերի ազատագրված բնակավայրերի բնակիչներին մարդասիրական ակցիաների շրջանակում 315 տոննա սննդամթերք և դեղորայք կփոխանցեն։
«ՌԴ ԶՈւ–ի և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների զորամիավորումների ենթակայության տակ անցած տարածքներում շարունակվում է մարդասիրական օգնություն տրամադրվել բնակչությանը։ Անցած մեկ օրվա ընթացքում ավելի քան 52 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք և սննդամթերք է փոխանցվել Խերսոնի և Խարկովի 7 բնակավայրերի բնակիչներին», – ասել է գեներալ–գնդապետը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։