Խարկովում զոհվել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության տեղական աշխատակցուհին

Ավելի վաղ ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները տուն վերադառնալու համար լքել էին ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի-Sputnik. Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության տեղական աշխատակից Մարինա Ֆենինան զոհվել է մարտի 1-ին Խարկովում գնդակոծության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և նախագահող երկրի արտգործնախարար, լեհ Զբիգնև Ռաուն ցավակցություն են հայտնել զոհվածի հարազատներին:
«Մարինան սպանվել է, երբ փորձում էր իր ընտանիքի համար սնունդ ստանալ մի քաղաքում, որը մարտական գոտու է վերածվել։ Խարկովում և Ուկրաինայի այլ քաղաքներում ռեակտիվ զենքը, հրետանային արկերն ու հրթիռները հարվածներ են հասցնում քաղաքի բնակելի շենքերին ու կենտրոնին՝ սպանելով ու վնասելով անմեղ քաղաքացիական բնակչությանը»,-ասել է Շմիդտը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խարկովում ԵԱՀԿ դիտարկման խումբը հետ է կանչվել Դնեպր ու սպասում է երկրից դուրս գալուն:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։