Կատուների միջազգային ֆեդերացիան արգելել է ՌԴ–ից կատուների մասնակցությունը ցուցահանդեսներին

Այն կատուները, որոնք ծնվել են Ռուսաստանում, չեն կարող տեղափոխվել մեկ այլ երկիր և գրանցել FIFE-ի հովանու ներքո թողարկված տոհմային գրքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Կատուների միջազգային ֆեդերացիան (FIFE) արգելել է Ռուսաստանից կատուների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին առնվազն մինչև մայիսի 31-ը: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ որոշումը կայացվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների ֆոնին։
Բացի այդ, այն կատուները, որոնք ծնվել են Ռուսաստանում, չեն կարող տեղափոխվել մեկ այլ երկիր և գրանցել FIFE-ի հովանու ներքո թողարկված տոհմային գրքում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։