Ինձ համար Սանասար է, բայց 27 տարի անց դարձավ Կուբաթլու. Օհանյանը` ի պատասխան Փաշինյանի

Սեյրան Օհանյանը նշեց, որ 1933-ին է ստեղծվել Կուբաթլուի բնակավայրը, իսկ մինչ այդ հայկական տարածք է եղել այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Սանասար է, սակայն 1993-ից 27 տարի անց այդ բնակավայրը դարձավ Կուբաթլու։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց` ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրման։
Երեկ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղեց, որի ժամանակ օգտագործեց «հողերը հանձնել» արտահայտությունը։ Դրանից Փաշինյանը հունից դուրս եկավ և ի պատասխան ասաց, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։ Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցություններից պահանջում է, որ հրապարակային դիրքորոշում հայտնեն` ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու։
«Իմ ղեկավարները երբեք բանակցային շրջանում չեն ասել վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը։ Ընդհակառակը, նրանք ասել են` ամրապնդեք դիրքերը, և բանակցային գործընթացում դրանք ամրապնդվել են մեր շահերի իրականացման համար։ Պատմական Արցախն ավելի մեծ տարածք է, քան Արցախի Հանրապետությունը. 1933-ին է ստեղծվել Կուբաթլուի բնակավայրը, իսկ մինչ այդ հայկական տարածք է եղել այն»,–ասաց Օհանյանը։
Օհանյանի խոսքով` գաղափարական և հայրենիքի ազատագրման առումով` այդ բնակավայրն իր համար Սանասար է, սակայն հիմա այն դարձել է Կուբաթլու։
«Ինձ համար Սանասար է, քանի որ այդ մարդիկ այդ հողերի համար պայքարել են և կյանք տվել։ Իսկ թե ում համար է Կուբաթլու, հետագայում` բանակցությունների ընթացքում, հայտնի կլինի։ Այդ հողերը թողել են թշնամուն այսօրվա իշխանության օրոք»,–ասաց Օհանյանը։
Հակառակորդն այսօր իրեն որպես հարևան չի դրսևորում. Օհանյանը` խաղաղության դարաշրջանի մասին
Նա նշեց, որ մինչ այս բանակցային գործընթացի փաստաթղթերում տարածքներ հանձնելը չի եղել առաջնահերթ, այլ Արցախի ինքնորոշման հարցը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին` Օհանյանը հավելեց, որ իրենց համար վիրավորական խոսքերն անընդունելի են և ընդամենը չի ուզում իջնել այդ մակարդակին։