Ինչո՞ւ Երևանում վայրէջք կատարած ինքնաթիռը չի կարողացել հետ թռչել

Պաշտոնյայի խոսքով՝ հետագա չվերթի հետ կապված փաստաթղթային խնդիրները ներկայում պարզաբանվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Այսօր Երևանում վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի հետագա չվերթի հետ կապված փաստաթղթային խնդիրներ կան։ «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Վարդան Չիլինգարյանը։
«Այդ խնդիրները հիմա պարզաբանվում են։ Սա է ամբողջ եղելությունը»,- նշել է Չիլինգարյանը՝ արձագանքելով Երևանում կալանված ինքնաթիռի մասին լուրերին։
Ինչ վերաբերում է ինքնաթիռի կալանման մասին լուրերին, ըստ Չիլինգարյանի՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Авиаторщина» Telegram ալիքը գրել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։
«S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված մեքենայի վարձակալը VP-BSZ գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ «S7 Airlines»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարկադրված է եղել մասնակիորեն կրճատել թռիչքային ծրագիրը՝ կապված սահմանված սահմանափակումների հետ և չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր: